«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-6

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-6
03.07.2026 | 16:42


Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

«Կինոն զենք է... Հա, մի զարմացիր: Աշխարհում ամեն պահ դաժան, լրատվական պատերազմ է, ու ամենօրյա ճակատամարտում կինոն մեծ զենք է, որը, ցավոք, Հայաստանում աչքաթող է արված:
Երկրորդ՝ կինոն տնտեսություն է, եկամտի աղբյուր: Ամերիկացիները, օրինակ, ֆիլմերից ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան զենքի ու ավտոմեքենայի առևտրից:
Ազգային եկամտի մեջ կինոն երկրորդ տեղն է գրավում: Կարճ ասած, հայերս պետք է որոշակի քաղաքականություն վարենք, կոնկրետ ուղիներ մշակենք:
Ֆիլմ նկարելը շատ թանկ հաճույք է... Այսօրվա ամենամեծ դժվարությունը, իմ կարծիքով, այն է, որ հին, բոլշևիկյան ձևով ինչ-որ բան ստեղծել, հնարավոր չէ, իսկ նոր ձևեր էլ դեռ չեն մշակվել: Ահա ամբողջ խնդիրը:
Հայկական կինոարվեստի օջախներ պիտի ստեղծվեն, օրենքներ մշակվեն ազգային կինոն (ֆրանսիացիների օրինակով) պաշտպանելու, աճեցնելու համար» («Երեկոյան Երևան», 13 ապրիլ,1996 թ․)։
Մեջբերվածը գերմանահայ կինոռեժիսոր Դոն Ասկարյանի՝ ինձ տված հարցազրույցից սովորական պատառիկ չէ, այլ մարգարեական վավերագիր և պատմության դաժան դասագիրք:
Երբ ժամանակի հայ մշակութային կյանքի կարևորագույն տարեգիր «Երեկոյան Երևանը» հանրայնացնում էր Ասկարյանի և մեր կինոյի մյուս մեծերի մտքերը, հայկական վերնախավը դեռևս տարված էր 90-ականների հաղթանակի էյֆորիայով և արվեստը դիտարկում էր որպես «երկրորդական հաճույք» կամ լավագույն դեպքում՝ ուրախ ժամանց:
Մինչդեռ հակառակորդը, որի սերիալային ինդուստրիան այսօր ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդն է իր ազդեցությամբ, հասկացավ, որ էկրանը տարածքներ նվաճելու և պատմությունը խմբագրել-սրբագրելու ամենահզոր գործիքն է:
Ասկարյանը լինելով եվրոպական կինոարտադրության ներսում և տեսնելով արևմտյան մոդելները, հստակ գիտակցում էր, որ կինոն սոսկ ժամանց կամ զուտ անհատական արվեստ չէ։ Նրա իսկ բառերով՝ կինոն պետության «վիզուալ դեսպանն» է աշխարհում, ազգային ինքնության, պատմական արդարության և մշակութային ժառանգության հզորագույն քարոզչամիջոցը։
«Բոլշևիկյան ձևով հնարավոր չէ, նորն էլ չկա»,- գնահատականը համակարգային փլուզման ամենախորը ձևակերպումն է: Մենք կորցրինք խորհրդային կինոարտադրության պետական մեքենան, բայց այդպես էլ չստեղծեցինք ազգային կինոյի պաշտպանության ֆրանսիական կամ արևմտյան մոդելները (այն, ինչ այսօր կոչվում է Soft Power՝ փափուկ ուժ):
30-ամյա հեռվից, առանց երկմտելու կարող ենք փաստել՝ Ասկարյանն իր անցյալից հայկական կինոյի հենց այսօրվա ողբերգական վիճակն էր տեսնում, երբ ընդգծված ցավով գրում-բարձրաձայնում էր՝ Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տալիս, որ չի օգտագործում կինոյի ռազմավարական պոտենցիալն աշխարհին ներկայանալու և սեփական շահերը պաշտպանելու համար։
Եվ ահա, այդ ճակատագրական սխալի, մեր երեսնամյա մշակութային ու հոգեբանական անպաշտպանության տրամաբանական ու դառը վերջնարդյունքն է, որ այսօր ՀՀ ներքաղաքական դաշտում ձևակերպվում է որպես ներկա վարչակարգի որդեգրած «խաղաղության դարաշրջան» և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն։
Պաշտոնական Երևանի՝ ներքին լսարանին ուղղված այն պնդումները, թե պատմական անցյալի շեշտադրումների մեղմացումը կամ զիջումների պատրաստակամությունը բխում են «պրագմատիկ պետական շահերից»՝ տարածաշրջանային շրջափակումից դուրս գալու և նոր պատերազմների վտանգը չեզոքացնելու հրամայականից, ամենևին էլ համոզիչ չեն։ Դրանք ընդամենը գաղափարական կապիտուլյացիան քողարկող սին ձևակերպումներ են։
Իրականում տեղի է ունեցել ամենավտանգավորը․ երբ պետական կամ մեդիա մակարդակով նվազում են տաբուներն ու արտաքին սպառնալիքի մասին հստակ, սթափեցնող ուղերձները, հասարակության առանձին շերտերի մոտ պարզապես փլուզվում է հոգեբանական իմունիտետը։
ՈՒ քանի որ մենք այդպես էլ չստեղծեցինք ազգային ինքնության մեր էկրանային պատնեշները, հետևանքը եղավ այն, որ անձնական նախասիրությունները՝ թուրքական սերիալները, դերասանները, ընտանեկան ու կենցաղային մշակույթը, սկսեցին ագրեսիվորեն գերակայել ազգային կամ հավաքական շահին։
Սոցցանցային համաշխարհային տիրույթում օտար արժեքների տարածումը հայ մարդու ձեռամբ լավագույնս է բացահայտում, թե ինչպես է տեղեկատվական դարաշրջանում մշակութային արտադրանքը վերածվում գործիքի, որն ունակ է փոխել հասարակության վարքագծային կոդերը ներսից՝ առանց արտաքին ուղղակի միջամտության։
Գուցե և անհավատալի թվա, բայց հասել ենք մի հանգրվանի, երբ անհնարինը դարձել է ակնհայտ։ Ժամանակակից Թուրքիան այլևս պարտադրված չէ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով ծախսել միլիոնավոր դոլարներ։ Անպատվաբեր այդ «ծառայությունն» այսօր իր ուսերին է վերցրել ո՛չ միայն ՀՀ ներկայիս վարչակարգը, այլև հենց ինքը՝ հայ հեռուստադիտողը։
Այդ աշխարհաքաղաքական «առաքելությունը» սոցցանցային համաշխարհային սարդոստայնում, լիակատար անվճար ու մեծ էնտուզիազմով, «անձնազոհաբար» առաջ են տանում մեր հայրենակիցները՝ էկրանային «սրբերին» պաշտպանելու կատաղի նոպայի մեջ պատրաստակամորեն «վնասազերծելով» ցանկացած մեկին, ով կփորձի սթափեցնել իրենց։
Սա սոցիալական և հոգեբանական ծանր հիվանդություն է, որը պահանջում է դիմակների պատռում, հանրային բարձրաձայնում և հրատապ ախտորոշում։
ՈՒրեմն՝ տանք այդ ախտորոշումը և հնչեցնենք շա՜տ կարևոր, սթափեցնող մի հարց․ Բուրակ Օզչիվիտի կամ Բարըշ Արդուչի էկրանային պատրանքների համար արտասվող, սիրահարված ու նրանց «սուրբ» կերպարներին աղոթող հայ հեռուստադիտողները տեղյա՞կ են, որ նշված երկու միջակություններն էլ հակահայկական պրոպագանդայի ամենաակտիվ ու նախանձախնդիր զինվորներն են։ Գիտե՞ն, որ նրանք իրենց գործունեությամբ ուղղակիորեն սպասարկում են Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական շահերը, և նրանց իրական դեմքը վաղուց է դուրս եկել սովորական կինոարվեստի սահմաններից՝ դառնալով Հայաստանի ու Արցախի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի առաջնագիծ։
Օզչիվիտի գեներում մայրական կողմից հայկական հետք փնտրող, նրան սին հույսերով «հայացնող» տեղական դեղին կայքերն ու նրանով հիացած կանայք գոնե գիտակցու՞մ են, որ այս մարդը Բաքվի ալիևյան բռնապետական ռեժիմի թիվ մեկ մեդիա-գործընկերն է։
Գիտե՞ն արդյոք, որ 2020 թվականի 44-օրյա արյունալի պատերազմի օրերին, երբ հայկական արյուն էր հոսում, և դրանից հետո, Օզչիվիտն իր միլիոնավոր հետևորդների առաջ (միայն 25-ից ավելի միլիոն՝ Ինստագրամում) բացահայտ, լկտի աջակցություն էր հայտնում ադրբեջանական ագրեսիային։ Նա հեղեղում էր համանցանցը Ադրբեջանի «հաղթանակը» փառաբանող, Արցախի բռնազավթումն արդարացնող նյութերով և թուրք-ադրբեջանական երկյակի ռազմական հզորությունը ցուցադրող սիմվոլներով։
Հպարտությամբ հրապարակում էր «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով պատկերներ, հրապարակավ գովաբանում թուրք-ադրբեջանական մահաբեր զենքի հաղթանակը և իր դեմքով ու հեղինակությամբ լեգիտիմացնում Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումները։
Նա պատահական դերասան չէ։ Նա հատուկ հրավերներով, կանոնավոր կերպով մեկնում է Բաքու, որտեղ նրան ընդունում են ամենաբարձր քաղաքական մակարդակով։ Նրա ամեն մի այցն ու ժպիտը Բաքվում օգտագործվում են ադրբեջանական ռազմատենչ հասարակության ֆաշիստական ոգին բարձր պահելու և Հայաստանի հանդեպ ատելությունն ու հայատեցությունը նոր սերնդի արյան մեջ ներարկելու համար։
«Հիմնադրում. Օսման» սերիալի գլխավոր հերոսը թե՛ նկարահանման հրապարակում, թե՛ իր անձնական էջում բազմիցս հրապարակել է լուսանկարներ՝ ցուցադրելով աջ ձեռքի բնորոշ ժեստը՝ «Գորշ գայլերի» նշանը, որն արգելված է եվրոպական շատ երկրներում՝ որպես ծայրահեղական, նեոֆաշիստական սիմվոլ։
2020-ի պատերազմի օրերին և դրանից հետո այս սիմվոլը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օգտագործվում էր որպես հայերի նկատմամբ հոգեբանական ճնշման, սպանդի և ռազմական հաղթանակի բացահայտ խորհրդանիշ։
Օզչիվիտին իր հակահայկական մոլուցքով ոչնչով չի զիջում Բարըշ Արդուչը, որը, ըստ էության, սեփական դեմքով ու հեղինակությամբ զբաղված է հայկական պատմական հողերի նվաճման և հայաթափման բացահայտ գովազդով։
Եթե Օզչիվիտը սպասարկում է ալիևյան կլանի արյունոտ քարոզչությունը, ապա Արդուչի հակահայկական գործունեությունն ավելի խորքային՝ գաղափարախոսական ու պատմական-նվաճողական բնույթ ունի։ Մարմնավորելով սուլթան Ալփ Արսլանին՝ Արդուչը դարձավ թուրքական այն արշավանքների գլխավոր դեմքն ու «սիրելի հերոսը», որոնց ընթացքում արյան ու սրի միջով կործանվել, հրդեհվել ու թալանվել են հայկական միջնադարյան թագավորությունները, այդ թվում՝ մեր հրաշակերտ մայրաքաղաք Անին։
Սերիալի շրջանակներում և դրանից դուրս տված իր հարցազրույցներում Արդուչն ինքնամոռաց գովերգում է թյուրքական ռազմական յաթաղանի ուժը և պատմական հայկական տարածքների՝ Փոքր Ասիայի ու Հայկական լեռնաշխարհի արյունոտ «մաքրումը քրիստոնյա տարրից»։ Նա պարզապես դերասան չէ, այլ TRT պետական հեռուստաընկերության այն աշխարհաքաղաքական միջոցառումների ակտիվ ու պանթյուրքիստ դեմքը, որոնք միտված են թյուրքական աշխարհի միավորմանը։ Նրա խաղն ու կերպարը Կովկասում Թուրքիայի ռազմական ներխուժումն ու ագրեսիան մերօրյա սպառողին մատուցում են որպես «բացարձակ պատմական արդարություն»։
Նշված երկուսից իր հակահայկական մոլուցքով ու պատմության նենգափոխմամբ ոչնչով հետ չի մնում Բյուլենթ Ինալը՝ Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական ժխտողականության ամենահզոր ու վտանգավոր էկրանային «գործիքը»։
TRT-ի ամենաաղմկոտ նախագծերից մեկում մարմնավորելով հարյուր հազարավոր հայերի արյան մեջ թաթախված «Կարմիր սուլթանին»՝ Աբդուլ Համիդ II-ին, Ինալն իր հարցազրույցներում և պետական հաղորդումների ժամանակ բացահայտորեն սրբագրում է պատմությունը։ Նա անամոթաբար պաշտպանում է այն կեղծ թեզը, թե 19-րդ դարի վերջի համիդյան դաժան ջարդերը եղել են ոչ թե պետական մակարդակով կազմակերպված սպանդ, այլ ընդամենը «հայերի ապստամբության արդարացի ճնշում»։
Սա սոսկ դերասանական խաղ չէ․ սա միլիոնավոր հանդիսատեսների առաջ ոճրագործի կերպարի սրբացում է և զոհին հանցագործ ներկայացնելու նպատակաուղղված մեդիա-ռազմավարություն։
Բյուլենթ Ինալի էկրանային կերպարն ու հանրային խոսքն ուղղակիորեն լեգիտիմացնում են հայերի բնաջնջումը՝ սեփական պատմության արյունոտ էջերը թաքցնելու համար։
Այսպիսով՝ Օզչիվիտը, Արդուչն ու Ինալը պարզապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեն։
Նրանք իրենց համաշխարհային հանրային ազդեցությունը, տասնյակ միլիոնավոր հետևորդներն ու էկրանային հեղինակությունը նպատակաուղղված ծառայեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական, ռազմատենչ քաղաքական օրակարգն աշխարհով մեկ տարածելու և լեգիտիմացնելու արյունոտ գործին։
Այս ամենից հետո նորից ու նորից պիտի վերադառնանք Դոն Ասկարյանի՝ երեսուն տարվա հեռվից հնչած սթափեցնող ճշմարտությանը. «Աշխարհում ամեն պահ դաժան, լրատվական պատերազմ է, ու ամենօրյա ճակատամարտում կինոն մեծ զենք է...»։
Ականջ ունեինք, բայց չլսեցինք։
Աչքեր ունեինք, բայց չտեսանք, որ թուրքական մելոդրամաներն ու պատմական սերիալները որպես «լրատվական պատերազմի» տարր հենց այն զենքերն են, որոնք առանց կրակոցի մտնում են հայ ընտանիքներ, փոշիացնում հեռուստադիտողի ինքնապաշտպանական բնազդը։
Այսօր արդեն թուրքական կինոզենքը կրակում է հենց մեր ներսից՝ մեր իսկ հայրենակիցների ձեռքով, ովքեր սոցցանցերում կատաղորեն պաշտպանում են իրենց պատմական հայրենիքի կործանումը փառաբանող օտար կուռքերին։
Մենք այդպես էլ չհասկացանք, որ էկրանն այսօր նույն խրամատն է, որտեղ հանձնվելը հավասարազոր է ֆիզիկական հայրենատվության։
ՈՒ քանի դեռ հայ հանդիսատեսը շարունակում է իր տանը նստած արցունքներ թափել-աղոթել իր իսկ պետականության կործանումը փառաբանող էկրանային «սրբերի» համար, թշնամու տեղեկատվական յաթաղանը շարունակելու է անարգել կտրել մեր հավաքական հիշողությունն ու ապագայի հույսը։
Պատմության դասագիրքը դաժան է, բայց արդար. այն ազգերը, որոնք չեն կերտում սեփական մշակութային ու գաղափարական զենքը և իրենց հոգևոր տարածքը թողնում են ամայի, դատապարտված են կլանվելու օտարի «վիզուալ դեսպանների» կողմից։
Դոն Ասկարյանը մեզ զգուշացրել էր։
Ընտրությունը մերն է՝ շարունակել նիրհել թշնամական պատրանքների գրկում, թե՞ վերջապես սթափվել ու ձևավորել ազգային դիմադրողականության մեր սեփական, անառիկ պատնեշները։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ